Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այնպես չէ, որ գրիչ են վերցնում ապաշնորհները»

«Այնպես չէ, որ գրիչ են վերցնում ապաշնորհները»
16.12.2014 | 23:51

«Կայարան» գրական ակումբի նախաձեռնությամբ 2012-ից ընթերցասերների ուշադրությանն է ներկայացվում հայ արձակագիրների համանուն տարեգիրքը: Այս տարի «Կայարանը» չուներ երիտասարդական բաժին: Փոխարենը երիտասարդ գրողները ներկայացվել են առանձին անթոլոգիայով՝ «Երիտասարդական կայարան»:

Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
«Կայարանում» հիմնականում ծանոթ, անվանի անուններ են` Մերուժան Տեր-Գուլանյան, Էդվարդ Միլիտոնյան, Ալեքսանդր Թոփչյան, Անահիտ Թոփչյան, Հրաչ Բեգլարյան, Կարինե Աշուղյան, Վարդան Ֆերեշեթյան, Մանսե, Նանե, Սուսաննա Հարությունյան և այլք: Թարգմանական բաժնում ներկայացված են Հրաչ Բայրամյանի, Արծվի և Աշխեն Բախչինյանների, Սիլվա Հովակիմյանի, էմմա Բեգիջանյանի և այլոց աշխատանքները: Զրուցակիցս նշեց, որ թարգմանություններն արվել են վրացերենից, ռուսերենից, շվեդերենից, պարսկերենից, անգլերենից և ռումիներենից:
«Երիտասարդական կայարանն» ունի երեք բաժին` պոեզիա, արձակ և թատերգություն: Ներկայացված է ավելի քան 30 հեղինակ: Այստեղ տեղ են գտել հրապարակում արդեն եղած և նոր անուններ` Էդուարդ Հարենց, էլֆիք Զոհրաբյան, Նշան Աբասյան, Նարեկ Կիրակոսյան, Արա Ալոյան, Անրի Գրիգորյան, Մհեր Բեյլերյան, Արեգ Ազատյան, Գրիգ, Նորայր Սարգսյան, Ռազմիկ Գրիգորյան, Արթուր Միկոյան և այլք:
«Եկող տարի երիտասարդ գրողներին ներկայացնելու ենք առանձին գրքերով, ընտրությունն ավելի բծախնդիր կլինի, իսկ հեղինակի համար՝ մուտքն ավելի նշանակալի ու տեսանելի,- ասաց Սուսաննա Հարությունյանը:- Երիտասարդական անթոլոգիան կազմելիս որոշ դեպքերում զիջումների գնացել եմ` և՛ թեմայի ընտրության, և՛ լեզվի, և՛ տեխնիկայի, և՛ ասելիքի առումով, հաշվի առնելով, որ եթե երիտասարդը որոշակի պոտենցիալ ունի, հնարավոր է, հետագայում շատ ավելի ճիշտ դրսևորի իրեն, ավելի լուրջ գործեր գրի: Կան երիտասարդներ, որ չեն հաղթահարել սկսնակի հեծանիվ հայտնաբերելու համախտանիշը. հավանել եմ մինչ այդ մամուլում հրապարակված տվյալ հեղինակի որևէ ստեղծագործություն, հեղինակից գործ եմ ուզել տարեգրքի համար, առաջարկել է ուրիշ լեզվով գրված, շատ ավելի թույլ գործեր: Հայհոյանք, անհարկի բառեր օգտագործելն ավելի ժամանակակից է թվում»: Նշված գործերը տարեգրքերի խմբագիրը չի մերժել, որ հստակ լինի` այսօր մենք ինչ ենք նախապատրաստում վաղվա համար, ում ենք թողնում գրական դաշտը: Մանավանդ որ, նրա խոսքով, ընդգրկված հեղինակները բոլորն էլ բնածին տաղանդ, որոշակի օժտվածություն ունեն. «Այնպես չէ, որ գրիչ են վերցնում ապաշնորհները: Բայց ինչպես բնավորությունը, միտքը, բնածին օժտվածությունը ևս պետք է կրթել, ինչի մասին մենք չենք մտածում: Երիտասարդները, ովքեր ոնց կարող են, ումից կարող են, սովորում են: Իրենց դարն ապրած եվրոպական գրական ուղղությունները ինչ-որ մեկը հռչակել է նորություն և երիտասարդներն էլ դա կրկնօրինակում են: Ժամանակ է պետք, որ իրենք իրենց ներսում զուլալվեն, ինքնակրթվեն, ազատվեն ազդեցություններից ու հասկանան, թե դեպի ուր են գնում: Մանավանդ որ, պետք է ազնվորեն խոստովանել, այդ հարցում օգնող չունեն: Մենք նրանց մասին խոսում ենք միայն մրցանակներ տալիս, երբ լավից-վատից արդեն ձևավորվել են: Իսկ ովքեր որ չեն մասնակցում մրցանակաբաշխությունների կամ ինչ-ինչ պատճառներով դա չեն ստանում, ինչպե՞ս հասկանան՝ իրենց մուտքը հաջո՞ղ է, թե՞ ոչ: Հատկապես գրականագետները շատ կոմպլեքսներ ունեն, իրենց բարձր ճաշակը և եսը ընդգծելու համար սիրում են նախատել, թե՝ «Դու Չարենց չես», մոռնալով, որ իրենք էլ Բելինսկի չեն, և իրենց պարտքը ոչ միայն գնահատելն ու խիստ ուսյալ երևալն է, այլև վերլուծելն ու ուղղորդելը: Նման դեպքերում միշտ ուզում եմ ասել. «Մի՛ կայացեք գրողին կամ նրա գործերը ստորացնելու հաշվին»: Կա մեկ այլ ծայրահեղություն, երբ ինչ-ինչ պատճառներով փառաբանվում ու թմբկահարվում է քիչ թե շատ տանելի մի քանի տող գրած մարդու անունը, ինչը ևս թևաթափ է անում տաղանդավոր մարդուն ու ապակողմնորոշում ընթերցողին: Անկախ ամեն ինչից, ի փառս իրենց, երիտասարդները գրականություն մուտք գործում են, գրող դառնալու լուրջ հայտեր ներկայացնում են: ՈՒրախալի է, որ ընդգրկված հեղինակներից շատերը արդեն գրքեր և սեփական ընթերցողներն ունեն»:
Հավելենք, որ տարեգրքերը հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը` պետական աջակցությամբ: Գրախանութների գրադարանների դարակներում դրանք կգտնեն իրենց տեղը: Այլ հարց է` ով է լինելու ժամանակակից գրականությունը ներկայացնող տարեգրքերի ընթերցողը: Մանավանդ որ, մեզանում ընդունված է «ժամանակակից գրականություն չկա» ձևակերպումը:
Զրույցի վերջում Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ «Կայարան» ակումբը նախատեսում է տարեգրքերում ընդգրկված հեղինակների գործերի քննարկումներ և հանդիպումներ՝ գրադարաններում և կրթօջախներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ